Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փոքր քաղաք է, ծանոթ-բարեկամը` շատ, դահլիճների նստատեղերը` սահմանափակ

Փոքր քաղաք է, ծանոթ-բարեկամը` շատ, դահլիճների նստատեղերը` սահմանափակ
25.07.2014 | 10:50

Ավարտվեց «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնը: Միառժամանակ կքննարկվեն` ինչո՞ւ հաղթեց ուկրաինական կինոն, ինչո՞ւ «Փարաջանովյան թալերը» հանձնեցին հրեա ռեժիսորին, ինչի՞ համար է այս ճոխությունը աղքատ ու կինո չունեցող երկրում և այլն, և այլն։ Իհարկե, տարվա կարևորագույն մշակութային իրադարձությունը գլխավորապես լուսաբանվում է դրական լույսի ներքո, ինչին և արժանի է, հետոսկեծիրանյան նոթերս, սակայն, այլ խնդիր են շոշափում:
Փառատոնն այս տարի մեկնարկեց հուլիսի 13-ին: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի բացմանը (նաև փակմանը) մասնակցել կարող են միայն հրավիրյալները: Արժե՞ ասել, որ այս և նման միջոցառումները լրագրողի համար տոն չեն, այլ աշխատանք: ՈՒստի և անբացատրելի է կազմակերպչական հարցերով զբաղվող անձանց կողմնապահ վերաբերմունքը լրատվամիջոցների (գուցե նաև` լրագրողների) նկատմամբ: Թե ինչո՞ւ հանդիսությանը մասնակցելու հրավիրատոմս կամ գոնե մուտքի տոմս չի տրամադրվում, ասենք, «Իրատես de facto»-ի լրագրողին, այս հարցի պատասխանն ինձ ոչ ոք չտվեց: Ասացին` հրավիրատոմսեր չկան: Կարելի էր և ըմբռնումով մոտենալ, եթե հանդիսությունից ժամեր առաջ այլ լրագրողների մուտքը հավուր պատշաճի ապահոված չլինեին: Էլ չասենք, որ սույն լրատվամիջոցներին մինչ այդ էլ պատվել էին` հրավիրատոմսերն ուղարկելով իրենց հասցեներով: Ինչ-որ չեմ հիշում, որ «Իրատեսին» նման կերպ պատվեին: Լավագույն դեպքում, մուտքի տոմսի են արժանացնում: Ես չգիտեմ` կա՞ լրագրող, որ հաճույք է ստանում, երբ դահլիճ մտնելիս հսկիչից հրահանգ է ստանում` «անկյունում կանգնեք, մինչև մարդիկ նստեն», կամ «անցեք, բայց չնստեք»:
ՈՒ հարց է առաջանում (ֆիլմերի ցուցադրությունների և այլ առիթով), հրավիրյալներից քանի՞սն են կինոյի աշխարհի մարդիկ, պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, և քանիսն են խնամի, ծանոթ, բարեկամ, կամ ինչո՞ւ է լրագրողների մի մասը բազմած աթոռներին, մյուս մասը` ոտքի վրա: Ո՞վ է որոշում` ո՞ր լրատվամիջոցներն են արտոնյալ և ինչո՞ւ: Գուցե վարկանիշային աղյուսակ կա, որից անտեղյա՞կ ենք: Գրեթե համոզված եմ, որ որոշողները «վերևներում» չեն: Որովհետև «վերևներում» անհամեմատ հարգալից ու բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում: Հասկանում եմ` փոքր քաղաք է, ծանոթ-բարեկամը` շատ, դահլիճների տեղերը` սահմանափակ, բայց գավառական այս մոտեցումը միջազգային հնչողություն ունեցող փառատոնին հարիր չէ: Առավել ևս, երբ խոսքն իրենց մասնագիտական պարտքը կատարող անձանց է վերաբերում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ